Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երևի ինչ-որ սինլքորների չափազանց պետք է, որ ազգը զոմբիացվի և հավատա նոր Կուռքին

Երևի ինչ-որ սինլքորների չափազանց պետք է, որ ազգը զոմբիացվի և հավատա նոր Կուռքին
15.06.2018 | 00:59

Ինձ հազվադեպ է որևէ մեկը պատասխանում, ավելի ճիշտ՝ մարտահրավեր նետում, արձագանքելով իմ խորապես կշռադատված, որոշ դեպքերում նույնիսկ անձամբ ստուգված (հավաստիության համար) վերլուծական հոդվածներին: Այս անգամ չի դիմացել Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի տաղանդների մոլի երկրպագուն: Ինձ չի հետաքրքրում՝ իրականում գոյություն ունի՞ Մուրադ Մանվելյանը. թե՞ այդ անուն-ազգանվամբ ներկայացող ինչ-որ մեկը որոշել է իբր անձամբ ինձ պատասխանել, երևի այն երկու անձանց ներկայությամբ, որոնց անունները շոշափված են ս.թ. հունիսի 1-ի «Ինչպե՞ս եք համարձակվում վարչապետի աթոռին Ձեր հայտնվելը համեմատել թուրք հրոսակների դեմ 1918-ի մայիսին տարած հաղթանակի հետ» իմ հոդվածում: Մանվելյան, իսկ անձամբ Ձեզ համար ի՞նչն է վիրավորական, եթե Դուք, Ձեր խոսքերով, Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկել եք միայն 2008 թ.:

Ասեմ Ձեզ, որ նախկին կրտսեր գիտաշխատող և «մեռած» լեզուների մասնագետը, նաև ԵՊՀ-ի նախկին ուսանող Փաշինյանը Ձեզնից շատ ավելի գրագետ ու խելացի են, որ իրենք չեն «հերքում» սրբապղծության մեջ իմ լիովին արդարացի մեղադրանքները: Հենց սրբապղծության: Որովհետև.
1. ինչ-որ մեկի հաղթանակը 1918 թ. մայիսի 28-ին տեղի ունեցածի հետ համեմատելն արդեն սրբապղծություն է,
2. գերմանական ֆաշիզմի դեմ 1945 թ. մայիսի 9-ին ամբողջ հայ ազգի, թեկուզ և աշխարհի այլ ազգերի հետ սերտ համագործակցությամբ տարած Մեծ հաղթանակը 2018-ի իրադարձությունների հետ համեմատելը նույնիսկ գերսրբապղծություն է,
3. «Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնությունը Այսրկովկասի հայության 1992 թ. մայիսի 9-ի և մայիսի 18-ի մեծ հաղթանակների, այսինքն` Շուշիի ազատագրման և դեպի ազատ Արցախ Բերձորի միջանցքի բացման հետ համեմատելը երիցս գերսրբապղծություն է: Եվ արդյունքում 1918-ի մայիսին, 1939-45-ին և 1991-94-ի ազատագրական պատերազմում զոհվածների հիշատակի պղծումն է:
Դա Ձեր մտքով չի՞ անցել, Մանվելյան: Այստեղ ես ի՞նչ կապ ունեմ, եթե Դուք ի վիճակի չեք եղել դա ինքնուրույն հասկանալու: Երևի չափից ավելի եք հավատացել Ձեր 2008 թ. քաղաքական կուռքի «Պատմությունը սխալ կատեգորիա է» խոսքին: Բայց դրանում Սերգեյ Շաքարյանցը մեղք չի ունեցել և չունի. պետք էր լավ սովորել դպրոցում:


Գարեգին Տեր-Հարությունյանը, իրոք, չի հիմնադրել ՀՀԿ-ն: Բնական է՝ ՀՀԿ-ի անդամ էլ չի եղել: Եվ ի՞նչ: ՀՀԿ-ի հիմնադիր հայրերը հենց Նժդեհի գաղափարախոսությունն են ընտրել որպես ՀՀԿ-ի գաղափարախոսության ու քաղաքական ծրագրի հիմք: Նժդեհի հանճարի մասին Ձեր վերամբարձ և արդարացի մակդիրները, երևի նպատակ ունեն փոխհատուցելու այն, որ Ձեր երկրորդ քաղաքական կուռքը՝ Փաշինյանը, 2018 թ. մայիսի 28-ի իր տոնական ելույթում ոչ մի անգամ նույնիսկ հարևանցիորեն չի հիշատակել ազգային հերոսի անունը և 1918 թ. մայիսի պաշտպանական մարտերում նրա անձնական ավանդի մասին: Ահա այսպես, մանրուքներում, սադրիչները մատնում են իրենց, Մանվելյան, իմացեք հետագայում: Իսկ Վազգեն Սարգսյանին ոչ ոք չի մոռացել. իզուր եք «սլաքը շրջում» հանգուցյալ սպարապետի անվան վրա: Պարզապես նա ՀՀԿ-ին միացավ վերջինիս հիմնադրումից բավական ուշ: Ո՞վ կմոռանա Վազգեն Սարգսյանին: Պաշտպանության նախարարությունում հենց նրա մամլո ասուլիսից հետո 1998 թ. հունվարին Ձեր սիրելի Տեր-Պետրոսյանը «կամավոր կերպով» հրաժարական տվեց: Ի միջի այլոց, 2018-ին Փաշինյանը նրան ակնհայտորեն «կենդանացրեց»...
Փաշինյանին Ձեր «պաշտպանելը» և այն պնդումը, թե նրա 2018-ի մայիսի 28-ի ելույթում այնպիսի բան չկա, ինչի մասին ես գրել եմ իմ հոդվածում, կարող են հարուցել նորմալ և սթափ մտածող մեր յուրաքանչյուր հայրենակցի ծիծաղն ու տարակուսանքը: Դուք որևէ բան լսե՞լ եք բանավոր «ազդանշանային բառերի» մասին: Կարծում եմ՝ չեք լսել: Դրա համար էլ փորձել եք ինչ-որ բան գրել ի պաշտպանություն, որովհետև եթե իմանայիք, ապա ինքնուրույն կհասկանայիք, որ երբ ինչ-որ մեկը, խոսելով 1918 թ. մայիսի հաղթանակների մասին, իսկույն ևեթ ասում է, որ «100 տարի անց հայ ժողովուրդը նորից հաղթանակ տարավ», ապա այդ մարդը նսեմացնում է հայերի այլ սերունդների նշանակությունն ու դերը: Ո՞ր հայերի: Վերևում ես Ձեզ, և ոչ միայն Ձեզ համար, արդեն ընդգծել եմ. այն հայերի, ովքեր զոհվել են 1939-45 թթ. նացիզմի, 1991-94 թթ. «կրտսեր թուրքերի» դեմ մղված մարտերում:


Իսկ Ձեր այն պարապ արտահայտությունները, թե ես հետևու՞մ եմ արդյոք «Քայլ արա» նախաձեռնությանը և այլն, դա արդեն, ներեցեք սուր խոսքի համար, գռեհիկ կանանց շաղակրատանք է, ոչ թե տղամարդու խոսք: Հետևում եմ, այն էլ ոնց եմ հետևում: Եվ տեսնում ու հիշում եմ, որ, օրինակ, 2017-ի ամռանը Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանում բարձրագոչ «հեղափոխություն» խոստացավ 2018-ի ամռանը, եթե «Սերժ Սարգսյանը գնա երրորդ ժամկետին»: Նրանից էլ առաջ, 2017-ի խորհրդարանական ընտրության արդյունքների ամփոփումից հետո, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը և ՕՐՕ (Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան) նախընտրական դաշինքի ներակայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը մամուլի ասուլիսներից մեկում կասկածի տակ դրեցին «Ելք» դաշինքի ընդդիմադիր լինելը: Մարտիրոսյանն ընդգծեց, որ «Ելքի» հետևում կանգնած է նախագահի փեսան՝ Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը: Մարտիրոսյանի և Խուրշուդյանի մեղադրանքներից հետո, իհարկե, և Մինասյանը, և Փաշինյանը հերքեցին բոլոր մեղադրանքները: Բայց եթե ենթադրենք, այնուամենայնիվ, իսկ այսօր արդեն երևում են անուղղակի ապացույցներ (թե ինչպիսի, Դուք և ընթերցողների լայն լսարանը չպետք է պարզեք), որ համաձայնություն եղել է, և հենց այդ պատճառով բարեփոխված սահմանադրության հակազգային բնույթի մասին չէին խոսում Փաշինյանն ու «Ելք» դաշինքի նրա զինակիցները, և արդեն շատ բան է դառնում հասկանալի: Այդ թվում՝ նաև այն հարցը, թե ինչու նախկին նախագահ Սարգսյանը զանց առավ հայտնի աքսիոմը՝ ցանկացած իշխանություն միայն այն ժամանակ ինչ-որ բան արժե, երբ կարողանում է իրեն պաշտպանել: Չկարողացավ, թե չուզեց, նրա պլանների մեջ չկար: Դուք ո՞ր պատասխանն եք ընտրում, Մանվելյան: Անձամբ ես՝ «դա նրա պլանների մեջ չկար» տարբերակը: Նա այլ խնդիրներ էր լուծում:


Իսկ այն ժամանակ, մեկ տարի առաջ, շա՜տ հետաքրքիր էր: Դուք գիտե՞ք այդ մասին: Իմ հոդվածին Ձեր մեղադրական և խիստ անձնավորված պատասխանից տեսնում եմ, որ չգիտեք: Կուրացած եք համաժողովրդական «սիրուց»: Չեք տեսնում նույնիսկ այն, որ ավելի թունդ անձի պաշտամունք են պատրաստում, քան Ստալինինն էր կամ ուրիշինը. անգամ շենքերի վրա են նկարում վարչապետի «սրբապատկերները»: Սերժ Սարգսյանին գոնե միայն պաշտոնական առանձնասենյակներում էին «պահում», իսկ այստեղ... Երևի ինչ-որ սինլքորների չափազանց պետք է, որ ազգը զոմբիացվի և հավատա նոր Կուռքին: Ափսոս, որ Դուք դա չեք տեսնում: ՈՒզու՞մ եք իմանալ, թե ինչ է եղել մեկ տարի առաջ: Facebook-ի իր էջում Փաշինյանը գրել է. «Հովսեփ Խուրշուդյանը և Արմեն Մարտիրոսյանը պարտավոր են բացատրելու, թե ինչու, օրինակ, Անդրիաս Ղուկասյանը մինչև հիմա բանտում է, իսկ իրենք՝ «ազատության մեջ»: Հետո ապացուցում էր նրանց կապը վերնախավի հետ: Մոլեգնորեն էր ապացուցում: Եվ բոլոր անկանխակալ ու օբյեկտիվ մարդիկ տեսնում էին. իրենց ընդդիմություն, ընդ որում՝ արևմտամետ, հռչակած ուժերը գզվռտոց են սկսել, և առիթը մեկն է՝ իշխանությունը: Եթե ՕՐՕ-ն մանդատներ ունենար, ապա, անկասկած, կլռեր ու հանգիստ կթողներ «Ելքը»: Եթե պարտվողը Փաշինյանը լիներ, նա նույնպես ՕՐՕ-ի պես կվարվեր, կդատապարտեր նրանց լռությունը և հարմարվողականությունը, քանզի այդ են պահանջում իրավիճակը և հատկացված դերը: Պարզապես այդ անգամ դերերը մի փոքր այլ կերպ էին բաշխվել, և «դերասանները» զայրացած էին «բեմադրող ռեժիսորի» կողմից ինչ-որ մեկի «սցենարն» ընտրելուց: Բայց չարիքի արմատը թաքնված չէր Սերժ Սարգսյանի անձում կամ ՀՀԿ-ում: Չարիքի արմատը հակազգային սահմանադրությունն է: Առայժմ միայն Արմեն Սարգսյանն է մակերեսորեն ասում, որ սահմանադրությունը պետք է փոխել, ոչ թե ընտրական օրենսգիրքը: Բայց այդ մասին արդեն մանրամասն գրել եմ, ուստի չեմ կրկնի:


Ձեր մնացած հարձակումները վկայում են, որ ինչպես ՀՀՇ-ի ժամանակ կային այլախոհությունը ճնշելու դրսևորումներ, այնպես էլ Դուք եք արտացոլում «փաշինյանականների» այսօրվա կամ ապագա մտադրությունը՝ ճնշելու այլախոհությունը և այլախոհներին: «Կառավարության 100 օրին» ես չե՞մ սպասում: Իսկ ինչու՞ սպասեմ: Մի՞թե ճշմարտությունը երբևէ սպասում է: Ավելի լավ է մարդկանց երեսին շնորհակալություն հայտնեք, որ առանց արևմտյան պայմանականությունների, հայավարի Ձեր և Ձեր կուռքերի երեսին ճշմարտությունն են ասում կամ գրում: Եվ պետք չէ ինձնից հրեշ սարքել կամ դիվականացնել ինձ: Ի տարբերություն Ձեզ, Մանվելյան, ես Հայաստանի շարքային քաղաքացի եմ: Իմ ճշմարտությունը չեն սիրել ՀՀՇ-ականները, հանրապետականները, այն դուր չի գա նաև «փաշինյանականներին», զգուշացնում եմ նախօրոք: Եվ հարկավոր չեն «միասին վերաիմաստավորենք անկախությունը» միամիտ գաղափարներ. միայն հիմարներն են սեփական սխալներից սովորում, և եթե իմ ազգից որևէ մեկը հիմար է, թող ինձ, իմ զավակներին ու թոռներին կամավորապես հիմար դառնալու կոչեր չանի: Իսկ Փաշինյանի կողքին ես չեմ կանգնի. շատ լավ եմ հիշում, թե ով կամ ինչպիսին էր նա 90-ականներին և ինչու էր հենց այդպիսին:
Հիշեցնեմ մեր, խիստ ազգային առածը. «Կարմիր կովը կաշին չի փոխում»: Սա Ձեզ՝ որպես պատասխան այն բանի, թե իբր Փաշինյանը Տեր-Պետրոսյանի հետ «վաղուց է կապերը խզել», և այն բանի, թե ես ինչու ոչ մի կերպ չեմ հավատա, որ Փաշինյանն այլևս հայ ազգի դավաճաններից ոչ մեկի հետ կապված չէ: Իսկ երբ Դուք Արցախում և Հայաստանի սահմաններին 1991-94 թթ. մեր ռազմական հաղթանակները վերագրում եք հենց Տեր-Պետրոսյանի իշխանությանը, ապա գտեք և կարդացեք, թե այդ ամենի մասին ինչ է մտածում մեր հանրահայտ ռազմական գործիչ, Հայաստանի ԶՈՒ նախկին հրամանատար (1992-ից), հետագայում նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ, 1993-ին Հայաստանի ՊՆ պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Թե՞ Դուք, որպես իսկական «փաշինյանական», ի սկզբանե մերժում եք 1992-94 թթ. մեր բանակի ռազմական գործողությունների մշակման և հաղթանակների մասնակիցը լինելու նրա իրավունքը: Ձեր կուռք Տեր-Պետրոսյանը, եթե նրան իրավունք տրվեր 1992-ին, հավանական է, հավատարիմ կմնար իր «մեր ուժը թուլության մեջ է» կեղծ պոստուլատի հիման վրա բանակից հրաժարվելու տխմար գաղափարին: Եթե հանդիպեք նրան, ապա համոզեք, որ գոնե ոչ պաշտոնապես, սուրճի բաժակի շուրջը, անձամբ Ձեզ խոստովանի, որ ազգից գաղտնի հանդիպել է թուրք նեոֆաշիստների պարագլուխ, միաժամանակ թուրքական MIT հատուկ ծառայության գաղտնի գործակալ Ալփարսլան Թյուրքեշի հետ: Եվ փառք Աստծո, որ, իրանական հատուկ ծառայությունների միջամտության շնորհիվ, Թյուրքեշին սպանեցին իրենց իսկ՝ թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները: Թե չէ իսկապես մտադիր էին Երևանը պղծելու Տեր-Պետրոսյան եղբայրներին Թյուրքեշի գաղտնի «հյուր» գալով...


Վերջում ուզում եմ Ձեզ մի փոքր «լուսավորել»: Եթե Դուք Ձեզ թույլ եք տալիս իբրև կատակ ինչ-որ բան ասել շաքարի՝ որպես «սպիտակ մահի» մասին, ապա ինչու ես էլ չկատակեմ Ձեր և Ձեզ նմանների վերաբերյալ: Դեպքը եղել է Թեհրանում, 2008 թ., Այսրկովկասի և Կենտրոնական Ասիայի անվտանգության գծով տարածաշրջանային խոշոր միջազգային կոնֆերանսի ժամանակ: Իմ ելույթից հետո ինձ մոտեցան երկու թուրք (Թուրքիայից): Եվ սկսեցին բարբառել: Մեր երկրի երկրորդ ներկայացուցիչը, որը գիտեր թուրքերեն, ինձ համար թարգմանեց, թե նրանք ասում են, որ թեև քո ազգանունը «քաղցր» է, բայց քո խոսքը բոլորովին «շոկոլադ» չէ: Ես իմ ծանոթին խնդրեցի բառացի թարգմանել հետևյալը. դատելով այն բանից, թե Իրանում ինչ ինստիտուտներ են ներկայացնում պրոֆեսորի կոչում ունեցող այդ անձինք, նրանք պետք է գրագետ և գիտակ լինեն: Այդ դեպքում ինչպե՞ս է, որ նրանք չգիտեն, որ իսկական շոկոլադը քաղցր չի լինում, լինում է միայն դառը: Եթե թուրքերին դուր է գալիս սուտը, նրանք կարող են շարունակել «ուտել» քաղցրը: Բայց ճշմարտությունը քաղցր չի լինում, պարոնայք թուրքեր: Եվ պարոն Մանվելյան: Իսկ «սպիտակ մահերից», Մանվելյան, առաջին տեղում աղն է: Դա Ձեզ՝ ի գիտություն: Այնպես որ աղի նույնպես չուտեք: Եվ, ի միջի այլոց, փոխանցեք 2018-ի Ձեր կուռքին, որ մեր մայրենին ունի նրա «դուխով» կոչի շատ գեղեցիկ համարժեքը: Անձամբ ես այդ կոչից այն տպավորությունը չստացա, թե այն հնչեցնողը ազգին խորապես նվիրված մարդ է:


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 7042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ